Տրանսպորտի գնի բարձրացման առթիվ ծավալված բողոքի ակցիաները հանգեցրին նրան, որ երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածով և նպատակ ունենալով ապահովելու Երևան քաղաքի ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վայրը վերանայելու մասին հանրային քննարկումների իրականացումը, որոշում ընդունեց 2013 թ. հուլիսի 19-ի N 3661-Ա որոշման գործողությունը կասեցնելու մասին: Ըստ այդմ՝ առայժմ պահպանվում է տրանսպորտի նախկին սակագինը: Այս ընթացքում խոսակցություններ եղան նաև մերձքաղաքային տրանսպորտի սակագնի հնարավոր բարձրացման մասին, սակայն հետո դրանք մարեցին: Եվ եթե հանրությունն առայժմ մոռացել է այդ մասին, ապա պարզվում է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լավ էլ հիշում է: «Ունենք մոտ 170 երթուղի, որից կբարձրանա մոտ 7 երթուղու ուղեվարձը, այն էլ շատ չնչին՝ 10-12%-ով: Դա էլ պայմանավորված է տվյալ երթուղու ճանապարհով»,- ասել է նա մեր թերթին տված հարցազրույցում: Դժվար չէ նախարարի այս խոսքերից ենթադրել, որ նախ կբարձրացնեն իր նշած 7 երթուղու ուղեվարձը 10-12%-ով, և հետո, երբ հանրությունը կուլ տա այս «կուտը», այդ 10-12%-ը կդառնա 50 տոկոս, իսկ 7 երթուղիներից հետո կբարձրացնեն նաև մյուս երթուղիների ուղեվարձը: Իհարկե, իշխանություններն իրենց այս քայլը կարող են պայմանավորել նրանով, որ մարզային երթուղիներում, օրինակ, Երևան-Աբովյան երթուղում, հայտնվել են նոր, ժամանակակից ավտոբուսներ, որոնք գուցեև շռայլություն դիտվեն մեր աղքատիկ պետության մեջ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ ժամանակակից ավտոբուսները, որոնցով քաղաքացիները չեն երթևեկում կռացած վիճակում, նախկինի համեմատ քիչ են, և ուղևորները ստիպված են նրանց երկար սպասել: Երկրորդ խնդիրն էլ այն է, որ այդ ավտոբուսները Աբովյանից Երևան են հասնում մեկ ժամից էլ ավել տևողությամբ՝ ի տարբերություն նախորդ ավտոբուսների, որոնց երթևեկությունը տատանվում էր կես ժամից 45 րոպեի սահմաններում: Ու հիմա, երբ ուզում են բարձրացնել նաև մերձքաղաքային տրանսպորտի սակագինը, կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվեն Երևանին մերձակա քաղաքներից ամեն օր դասի կամ աշխատանքի շտապողները: Իսկ որ այդ մարդիկ քիչ տոկոս չեն կազմում՝ հենց թեկուզ իրենց հայրենի քաղաքներում աշխատանք չգտնելու և մայրաքաղաքին ապավինելու պատճառով, գաղտնիք չէ: Մնում է միայն զգոնությունը չկորցնել և, մայրաքաղաքի տրանսպորտի սակագնի դեմ բողոքելուն զուգահեռ, պայքարել նաև մերձքաղաքային տրանսպորտի ուղեվարձն անփոփոխ թողնելու ուղղությամբ:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ